ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Բուդապեշտը վետո կդնի Ռուսաստանի միջուկային էներգետիկայի դեմ Եվրամիության պատժամիջոցների վրա։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Հունգարիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունը թույլ չի տա սահմանափակումներ մտցնել, որոնք ավելի կմեծացնեն գնաճը Հունգարիայում:
«Այստեղ ամենակարևորը էներգիայի գինն է։ Այդ պատճառով մենք թույլ չենք տա իրականացնել պատժամիջոցները միջուկային էներգետիկայի վրա տարածելու ծրագիրը»,–խոստացել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանը Եվրահանձնաժողովին և ԵՄ անդամ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի բովանդակության վերաբերյալ իր առաջարկները: Մասնավորապես Վարշավան կոչ է արել սահմանափակումներ մտցնել միջուկային էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև արգելել ալմաստի և կաուչուկի ներմուծումը ՌԴ-ից: