Հայաստանում կներդրվի անտառային հրդեհների կանխարգելման իտալական մոդելը. ՆԳՆ ՓԾ

Հրդեհ Խոսրովի արգելոցում. Արխիվային լուսանկար
Հայաստանը հետաքրքրված է հատկապես համակարգչային ծրագրի այն հատվածով, որտեղ հնարավոր է մուտքագրել կոնկրետ տարածքը, քամու ուղղությունն ու ուժգնությունը և օդի խոնավությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանում կներդրվի անտառային հրդեհների կանխարգելման իտալական մոդելը` հարմարեցնելով ռելիեֆին ու կլիմային։ Պիլոտային մարզը կլինի Լոռին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Այս համաձայնության հայ և իտալացի մասնագետները եկել են Եվրոպական միության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» ծրագրի շրջանակներում։
«Իտալիայում անտառային հրդեհների կանխարգելման և արձագանքման արդյունավետ տարբերակներ կան՝ որսիչներն ու արբանյակները, որոնց միջոցով հավաքվում է տեղեկատվություն։ Հրդեհավտանգ ժամանակահատվածում վերլուծական կենտրոնը գրանցում է որսիչների հաղորդած տեղեկությունը, փոխանցում արձագանքող ուժերին»,– հայտարարել է ՓՈւՎ հրշեջ-փրկարարական պատրաստության բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Սամվել Այվազյանը։
Հայաստանը հետաքրքրված է հատկապես համակարգչային ծրագրի այն հատվածով, որտեղ հնարավոր է մուտքագրել, օրինակ, կոնկրետ տարածքը, քամու ուղղությունն ու ուժգնությունը, օդի խոնավությունը և տեսնել , թե ինչպես է ընթանում հրդեհի զարգացումը։
«Ճիշտ է՝ մեր փրկարարներն անընդհատ շրջում են հատուկ պահպանվող տարածքներում, տեղեկացնում հրդեհի հավանականության ու վտանգների մասին, սակայն ծրագիրը կօգնի կատարելագործել կանխարգելման հմտությունները»,- նշել է մասնագետը։
Հրդեհաշիջում, տարահանում. ԱԻՆ–ն ուսումնավարժանք է անցկացրել Մանկական երկաթուղու թունելում
Հայ մասնագետները անդրադառնալով հրդեհների կանխարգելման ու մարման համար կատարված աշխատանքներին հայտնել են, որ նախորդ տարի Խոսրովի արգելոցում ծավալուն աշխատանքներ են տարվել, տեղադրվել են ջրի խողովակներ, բաքեր։ Այսուհետ հրշեջ-մեքենաների՝ ջրով լիցքավորելու խնդիրն ավելի հեշտ կլուծվի։