ԵԽԽՎ–ում ազգային պատվիրակությունների մի քանի անհատ անդամներին հանած՝ մնացած բոլոր պատվիրակությունները խոսում էին անհապաղ Արցախի ապաշրջափակման մասին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որտեղ ներառվել են հայկական պատվիրակության առաջարկները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ։
Մամիջանյանը նշեց, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձել է խոչընդոտել, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ հարցը որևէ կերպ օրակարգ չմտնի, իսկ հարցի բուն քննարկման ժամանակ ադրբեջանական և թուրքական պատվիրակությունները հանդես են եկել կեղծ տեղեկատվության տրամադրմամբ։
«Ադրբեջանական պատվիրակության ցինիզմը հասել էր նրան, որ իրենք պարզապես հերքում են բլոկադայի փաստը, ոչ թե փորձում են դա ինչ–որ ձև ներկայացնեն, պատճառաբանեն և այլն, պարզապես հերքում են բուն փաստը»,–ասաց Մամիջանյանը։
Ադրբեջանական կողմի նման ջանքերը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցչի կարծիքով ապարդյուն են, քանի որ, նրա պնդմամբ, ԵԽԽվ ազգային պատվիրակությունների հետ և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական ձևաչափով շփման ընթացքում չի հանդիպել մարդու, որը կասկածի տակ կդներ Լաչինի միջանցքի շրջափակման փաստը։
«Ինչպես և մի շարք պետություններ ու միջազգային կառույցներ, որոնք արդեն իսկ հայտարարություններով հանդես են եկել, ԵԽԽՎ պատգամավորների ճնշող մեծամասնությունը սթափ գիտակցում է, թե ինչ է այս պահին տեղի ունենում Լաչինի միջանցքում»,–ասաց Մամիջանյանը։
Այս պահին հայտնի է, որ հարցը ԵԽԽՎ Բյուրոն որոշել է ուղարկել կոմիտեներից մեկին՝ հետագա քննարկման։
Պատգամավորը նաև հավելեց, որ ԵԽԽՎ լիագումար նիստի շրջանակներում պատգամավորներ Արմեն Գևորգյանի և Արմեն Ռուստամյանի հետ հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ, որն, ի դեպ, Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ հայտարարություններից հետո հայտնվել է ադրբեջանցիների թիրախում։ Հանձնակատարի հետ քննարկվել են Արցախում ստեղծված հումանիտար վատթարացող վիճակը և դրա դեմ պայքարելու առկա գործիքակազմը։