ԵԽԽՎ բանաձևում ներառվել են հայկական պատվիրակության առաջարկները

ԵԽԽՎ
Հայկական պատվիրակության առաջարկները վերաբերում են հայ գերիներին և Լաչինի խնդրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ԵԽ խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը։ Տեղեկությունը հրապարակվել է «Հայաստանը Եվրոպայի խորհրդում» ֆեյսբուքյան էջում։
«Քվեարկությամբ ընդունվեցին բանաձևում հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը հունվարի 24-ին և 26-ին ելույթ էր ունեցել «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» թեմայով քննարկման ժամանակ:
Նա անդրադարձել է ինչպես Լաչինի թեմային, այնպես էլ փաստահավաք նպատակներով տարածաշրջան ԵԽԽՎ մոնիտորինգի առաքելություն ուղարկելուն։