Բաքվի ու Երևանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի ու ՌԴ-ի մրցակցության պատանդը դառնա. Ստանո

Հայկական ու ադրբեջանական դիրքեր. Արխիվային լուսանկար
ԵՄ-ն նաև գիտի այն դերակատարության մասին, որը խաղացել է Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերին բախումները դադարեցնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Եվրամիությունում մտավախություն ունեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի և Ռուսաստանի մրցակցության պատանդը կդառնան, ՌԻԱ Նովոստիին ասել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
Այսպես է նա մեկնաբանել Ռուսաստանի ԱԳՆ արձագանքը Հայաստանում նոր երկամյա եվրոպական առաքելության գործարկմանը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է տարբեր դերակատարների միջև որևէ մրցակցության պատանդ դառնա»,-ասել է գործակալության զրուցակիցը:
ԵՄ-ում կարծում են, որ ՌԴ-ն սխալվում է՝ համարելով, որ ԵՄ-ի դերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման հարցում ուղղված է Ռուսաստանի դեմ։
«Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այդ առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը մեր ընդհանուր հարևան տարածաշրջանում՝ որպես Ռուսաստանի դեմ ուղղված։ Ավելի կարևոր է նաև, որ դա Ռուսաստանի գործը չէ։ ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանության հարցման և ազատ որոշման հիման վրա։ ԵՄ-ն այդ հարցի շուրջ կապի մեջ է եղել նաև Ադրբեջանի իշխանության հետ», - պարզաբանել է եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը։
Նա ավելացրել է, որ «ԵՄ-ն նաև գիտի այն դերակատարության մասին, որը խաղացել է Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերին բախումները դադարեցնելու համար»:
«Այդ առաքելությունը քաղաքացիական է ու առանցքային տարր կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ ԵՄ գործադրած ջանքերին աջակցելու գործում։ ԵՄ-ն այդ դերը ստանձնել է երկու կողմերի համապատասխան խնդրանքից հետո», - նշել է գործակալության զրուցակիցը։
Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելությունից. Ռուսաստանում ՀՀ դեսպան
Նա նշել է, որ «առաքելության նպատակը, մասնավորապես, տեղերում բնակչության անվտանգության խթանումն ու վստահության ամրապնդումն է։ Մնացած բոլոր լուրերն ու շահարկումները, որոնք այս օրերին տարածվում են սոցցանցերում, բոլորովին անհիմն են»։
ԵՄ արտգործնախարարները հունվարի 23-ի նիստում հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը՝ նպաստելու սահմանամերձ շրջաններում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Ակնկալվում է, որ առաքելության մանդատը կկազմի երկու տարի, դրա օպերատիվ շտաբը կտեղակայվի Հայաստանում։