Անկախ այն հանգամանքից, թե ինչ հողի վրա է տեղի ունեցել հարձակումը Թեհրանում տեղակայված Ադրբեջանի դեսպանատան վրա, պետք է նշել, որ ադրբեջանաիրանական լարված հարաբերությունների ֆոնին ամենևին բացառված չէր նման միջադեպը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Այսօր առավոտյան 50-ամյա Յասին Հուսեյնզադեն մտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան շենք և կրակ բացել «Կալաշնիկով» ինքնաձիգից՝ սպանելով անվտանգության մեկ աշխատակցի և վիրավորելով երկուսին: Նրան ձերբակալել են։ Տղամարդը հայտարարել է, թե ապրիլին իր կինը մտել է Ադրբեջանի դեսպանատուն և չի վերադարձել։ Նա բազմաթիվ անգամ հանդիպում է խնդրել դեսպանի հետ, բայց մերժել են: Արդյունքում այսօր առավոտյան նա որոշել է անձամբ գնալ այնտեղ` իր հետ վերցնելով ինքնաձիգը։
«Թշնամական այն քարոզչությունը, որ Բաքուն իրականացնում է Իրանի նկատմամբ՝ պարբերաբար հիշեցնելով, որ այնտեղ ապրում են ամեն րոպե ապստամբելու պատրաստ 30 միլիոն ադրբեջանցիներ, կամ էլ Թեհրանի հասցեին հնչող այլ սպառնալիքներն ու մեղադրանքները ստեղծում են ֆոն, որի պատճառով այդ երկրի շարքային քաղաքացիները, մեղմ ասաց, բարեկամորեն չեն տրամադրվում Բաքվի բռնապետական վարչախմբի նկատմամբ, հետևաբար նույնիսկ կենցաղային հողի վրա ի հայտ եկած զայրույթն արտահայտվում է նման կերպ»,– ասաց Ոսկանյանը։
Խնդիրն ավելի ընդգրկուն համատեքստում դիտարկելով` իրանագետն ընդգծեց, որ Ադրբեջան կոչված արհեստածին կազմավորման դիվանագիտական ներկայացուցչությունները վերջին շրջանում թիրախներ են դառնում։ Նա հիշեցրեց Լոնդոնում ադրբեջանական դեսպանատան գրավման գործողությունը ծայրահեղ շիա իսլամիստների կողմից։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը կտարհանի իր դիվանագետներին ոչ միայն Թեհրանից, այլև Թավրիզի հյուպատոսարանից` հաշվի առնելով երկու պետությունների միջև առկա լարվածության աստիճանը, բայցևայնպես այսօրվա հարձակումը ցույց տվեց, որ ադրբեջանական դեսպանատունը բավականին լավ պաշտպանվում է հենց Ադրբեջանի անվտանգության կառույցների կողմից։ Դա նույնպես վկայում է այն մասին, որ Ադրբեջանն Իրանի տարածքը համարում է թշնամական միջավայր և այդ պատճառով էլ դեսպանատունը հագեցրել է անվտանգության ադրբեջանցի աշխատակիցներով ու չի վստահում իրանցի ուժայիններին»,– ասաց մեր զրուցակիցը։
Ոսկանյանի կարծիքով` ադրբեջանական դեսպանատան միջադեպը երկու երկրների միջև բախման չի վերածվի, ինչը կարող է հանգեցնել առհասարակ ադրբեջանական պետականության վախճանին։ Ըստ իրանագետի` Ադրբեջանն այդուհանդերձ կփորձի դիվանագիտական սկանդալային միջավայր ստեղծել Իրանի շուրջ, առավել ևս, որ կան երկրներ, որոնք շահագրգռված են Իրանի շուրջ լարվածության աճով, ուստի կօգտագործեն Ադրբեջանին որպես գործիք։
Նշենք, որ Իրանի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Ահմադ Վահիդին այսօր կայացած հանդիպումից հետո հաստատել են, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը անձնական դրդապատճառներով է եղել։