ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Կարմել քաղաքում (Ինդիանա նահանգ) ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայքլ Փենսի տանը հայտնաբերած գաղտնի փաստաթղթերը տեղեկություններ էին պարունակում, որոնք պետք էին իրեն արտասահմանյան ուղևորությունների ժամանակ։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը` հղում անելով աղբյուրներին։
Հաղորդման համաձայն` փաստաթղթերը գտնվել են Փենսի ուղևորությունների նյութերով թղթապանակում։ Գտնված փաստաթղթերի վրա SCI և SAP նշումներ չեն եղել, որոնցով նշվում են առանձնակի գաղտնի տեղեկություն պարունակող փաստաթղթերը։
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ գաղտնի փաստաթղթերը հայտնաբերել է Դոնալդ Թրամփի վարչակազմի ԱՄՆ նախկին փոխնախագահի իրավաբանը։ Թղթերը փոխանցվել են ԱՄՆ–ի Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ)։ ՀԴԲ–ն և արդարադատության նախարարությունը գնահատում են այդ նյութերն ու պարզում` ինչպես են դրանք հայտնվել Փենսի տանը։
Հունվարին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի հետ առնչություն ունեցող վաշինգտոնյան վերլուծական կենտրոնի շենքում, որը բացվել է Փենսիլվանիայի համալսարանի աջակցմամբ, գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերել։ Այդ փաստաթղթերը վերաբերում են այն ժամանակին, երբ Բայդենը զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։ Փաստաթղթերը գտնվել են գրասենյակում, որն օգտագործել է Բայդենը 2017-2019 թվականներին` մինչ այն ժամանակը, երբ նա հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Ավելի ուշ գաղտնի փաստաթղթերը հայտնաբերվել են նաև Բայդենի` Ուիլմինգտոնում գտնվող տանը։