ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Այսօր՝ ժամը 15:00-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Միաժամանակ կդադարեցվի շրջանների գազի մատակարարումը։ Նման որոշումը պայմանավորված է մասնակի գազամատակարարման հանգամանքով և էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Միաժամանակ նշվում է, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել։
Շտաբից հորդորում են լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։