ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանը կարևորում է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, ԼՂ էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը դադարեցված չեն։ Ակնհայտորեն, Հայաստանն ու ԼՂ–նհակառակն են պնդում։ Կարծում եմ` այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է»,– ասաց վարչապետը։
Փաշինյանը նաև նշեց, որ ՀՀ–ն հետևողականորեն աշխատելու է այդ ուղղությամբ։
Հավելենք, որ Արցախում միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտության մասին շեշտել էր նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում ունեցած իր ելույթում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։