Կառավարությունը փոխհատուցում է ՀՀ–ում մնացած ԼՂ քաղաքացիների կացության ծախսերը

Ավելի վաղ կառավարությունը մեկ այլ որոշմամբ արդեն փոխհատուցել էր մինչև ս.թ. հունվարի 9-ը ներառյալ կատարված ծախսերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. 2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հնարապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի շուրջ 486 քաղաքացիների կացությունը ապահովելու համար ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 98 490 500 դրամ գումար։ Դրանից 11.5 մլն–ը տրվել է Երևանի քաղաքապետարանին, 87 046 500-ը` Սյունիքի մարզպետարանին։
Կառավարության որոշման մեջ նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքացիներ դիմել են Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ` Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կացություն չունենալու խնդրով։ Քաղաքացիները տեղավորվել են տարբեր հյուրանոցներում։
Այսօր ընդունված որոշմամբ կառավարությունը փոխհատուցում է ԼՂ քաղաքացիներին կացություն տրամադրած կազմակերպություններին` 2023թ–ի հունվարի 10-ից մինչև հունվարի 25-ը ներառյալ կատարած հյուրանոցային ծառայությունների դիմաց։
Ավելի վաղ կառավարությունը մեկ այլ որոշմամբ արդեն փոխհատուցել էր մինչև ս.թ. հունվարի 9-ը ներառյալ կատարած ծախսերը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։