ՀՀ–ում հնարավոր են համարում Թուրքիայի հետ սերտ կապերը. Հակոբյանը` ՌԴ ազդեցության մասին

Վիգեն Հակոբյան
Քաղտեխնոլոգի խոսքով` թուրքական ազդեցության ուժեղացումը, ինչպես նաև Արևմուտքի ակտիվությունը կարող են այլընտրանք դառնալ տարածաշրջանում ռուսական ազդեցությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայ հասարակության մի մասը հնարավոր է համարում տարածաշրջանում թուրքական ազդեցության ավելացումը։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում «Ռուս-հայկական ռազմավարական համագործակցության արդի հարցեր» թեմայով հրավիրված Մոսկվա–Երևան տեսակամրջի ժամանակ այս հայտարարությունն արեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` խոսելով Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հնարավորության մասին։
«Եթե հայ հասարակության մեծ մասը համաձայնի տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության այլընտրանքային ուժեղացման հետ, Ռուսաստանը կարող է խնդիրներ ունենալ։ Կցանկանայի ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ Հայաստանում քաղաքական ուժեր կան, և այդ ուժերի մեծամասնությունն ընդդիմությունից չեն, որոնք պնդում են Թուրքիայի հետ բարիդրացիական, սերտ հարաբերությունների մասին», – նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով` ինչպես ցույց տվեցին ընտրությունները, Հայաստանում ոչ բոլորն են Անկարայի հետ սերտ հարաբերություններին վերաբերվում որպես անհավանական մի բանի։
««Օվերտոնի պատուհանը», ինչի մասին Հայաստանում այսօր հաճախ է խոսվում, այնքան է ընդլայնվել, որ նույնիսկ նման այլընտրանքը իշխանափոխությունից ընդամենը մի քանի տարի անց հնարավոր է համարվում», – նշեց Հակոբյանը։
Ըստ նրա` իզուր չէ, որ ՀՀ իշխանությունները առավել հաճախ են սկսել դիմել արևմտյան երկրներին Լաչինի միջանցքի, ԼՂ–ի հարցով։ Վերջերս էլ որոշում ընդունվեց ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին։
Հակոբյանը նշեց, որ Հայաստանում կան ուժեր, որոնք ցանկանում են ի դեմս Արևմուտքի երկրում այլընտրանք ստեղծել։ Արևմուտքը դեռ ՌԴ–ին որպես ռազմաքաղաքական գործընկեր փոխարինելու կոնկրետ ցանկություն չի արտահայտում, բայց դա չի նշանակում, որ իրավիճակը չի փոխվի։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմից անկեղծություն է տեսնում ոչ միայն խոսքով, այլև գործով։
Ռուս–հայկական հարաբերությունները լուրջ թեստ են անցնում. Մարկեդոնով