ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը քննարկել է Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենի հետ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում խոսվել է ապօրինի շրջափակումը դադարեցնելու անհրաժեշտության մասին։
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում ողջունելի է համարվել Հայաստան Եվրոպական միության կողմից նոր դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։