Հակաբիոտիկների և ջեներիկ դեղերի պակաս կա. երկրները միավորում են փորձը

Մատչելի դեղորայքի հասանելիության և դեղորայքի պակասի խնդիրների շուրջ երկխոսությnւն
Խնդրի պատճառը պահանջարկի կտրուկ աճն է և արտադրական անբավարար հզորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրներն ահազանգում են դեղերի գների բարձրացման վերաբերյալ: ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները տարբեր երկրների փորձագետների հետ մասնակցել են ոլորտում առկա խնդիրների քննարկմանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Նշվել է, որ տարածաշրջանում դեղորայքի պակասը մատակարարման շղթաներում առկա խափանումների պատճառով է, որոնք պայմանավորված են պահանջարկի կտրուկ աճով և արտադրական անբավարար հզորությամբ»,– ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Պակասող դեղորայքի թվում են ջեներիկ դեղեր և հակաբիոտիկներ։ Երկրները փորձում են իրենց փորձը միավորել մարտահրավերներին համատեղ դիմակայելու համար:
Քննարկում–երկխոսությունը կազմակերպել են Մոլդովայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային և Առողջապահական համակարգերի և քաղաքականության եվրոպական դիտորդական գրասենյակները։ Մասնակցել են ԱՀԿ գրասենյակի պատասխանատուներ, դիտորդական գրասենյակի փորձագետներ, Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ։
Հիշեցնենք` այսօր կառավարության նիստից հետո ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողներին հայտնեց, որ ներմուծողները կարող են առանց գրանցման այստեղ բերել եվրոպական արտադրության մի շարք դեղամիջոցներ, որոնց դեֆիցիտ կա ՀՀ–ում։ Նրա խոսքով` շաբաթական կտրվածքով մոնիտորինգ են անում, և եթե մի տեսակի դեղորայքի նվազում է արձանագրվում, քայլեր են ձեռնարկում այն ձեռք բերելու համար։