ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ուրախությամբ պետք է արձանագրել, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերություններն ընդլայնվում և խորանում են, ինչպես նաև նախանշվում են համագործակցության զարգացմանը նպաստող նոր շրջանակներ և ուղղություններ, որոնք բարձրացնում են մեր գործակցությունն իրապես նոր որակական մակարդակի»,– ասված է ուղերձում։
Փաշինյանը հույս է հայտնել, որ Մեծ քսանյակում Հնդկաստանի նախագահությունը նույնպես կնպաստի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը:
Նա Հնդկաստանի վարչապետին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն: