ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. 2022թ–ի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը թերակատարվել են։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` չբացահայտելով թերակատարված ծրագրերի ու ցուցանիշների մանրամասները։
«Կապիտալ ծախսերը մենք շարունակաբար թերակատարում ենք։ Չնայած, երեկ մենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ աշխատանքային հանդիպում ունեինք և արձանագրեցինք, որ այս պահի դրությամբ մենք ճանապարհաշինության ոլորտում ունենք շուրջ 90 մլրդ դրամի արդեն իսկ կնքված պայմանագրեր։ Եվ պիտի հույս ունենանք, որ այդ աշխատանքներն ամբողջությամբ կիրականացվեն և համոզված ենք, որ նաև նոր մրցույթներ էլ տեղի կունենան»,– ասաց Փաշինյանը։
Փաշինյանը համապատասխան նախարարներին հանձնարարեց փոխել կապիտալ ծախսերի մասով աշխատանքի որակն ու տեմպը` միաժամանակ հիշեցնելով, որ այդ աշխատանքները համակարգում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նշենք, որ 2022թ–ի բյուջեի կատարողականի հունվար–սեպտեմբեր ամիսների տվյալներով` կապիտալ ծախսերը Հայաստանում թերակատարվել էին 36.8 տոկոսով։
Բյուջեով նախատեսված կապիտալ շինարարությունը կազմում է 390 մլրդ դրամ։ 2023-ի բյուջեով այդ գումարը հասցվել է 548 մլրդ դրամի։