ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճը 2022 թվականի արդյունքների վերջնական ամփոփումից հետո կարող է կազմել 100%։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում «Ռուս-հայկական ռազմավարական համագործակցության արդի հարցեր» թեմայով հրավիրված Մոսկվա–Երևան տեսակամրջի ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։
Նրա խոսքով` ներկա պահին հայտնի են միայն նախնական տվյալները, որոնց համաձայն` աճն արդեն իսկ գերազանցում է 80%–ը։
Մանասերյանը կանխատեսումներ արեց նաև ՀՀ տնտեսության զարգացման վերաբերյալ։ Փորձագետը 2022 թվականի արդյունքներով գործարար ակտիվության աճ է ակնկալում 10%–ի մակարդակում, ինչը, ըստ նրա, բավական ազդեցիկ ցուցանիշ է։
Նա նշեց, որ նախորդ տարի ՀՀ տնտեսությունը ոչ միանշանակ միտումների ազդեցության տակ էր։ Մի կողմից դրական ազդեցություն էին թողել ՌԴ–ից, Ուկրաինայից և Բելառուսից միգրացիոն հոսքերը, մյուս կողմից` որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկեր` Հայաստանի վրա ևս անդրադարձան հակառուսական պատժամիջոցները, որոնք Ուկրաինայի իրավիճակի սրացման ֆոնին կիրառեց արևմուտքը։
«250-300 հազար ժամանակավոր միգրանտներն այսօր Հայաստանում են բնակություն հաստատել, և դա լուրջ ազդեցություն է ունեցել մեր երկրի գործարար ակտիվության վրա։ Ընդ որում` ռելոկանտների շնորհիվ զարգանում է ոչ միայն ՏՏ–ն, այլև փոքր բիզնեսի տարբեր ոլորտներ, այդ թվում` զբոսաշրջությունն ու սպասարկման ոլորտը», – ասում է փորձագետը։
Նա ընդգծեց Ռուսաստանի դերը ՀՀ տնտեսության զարգացման գործում։ Մասնավորապես` Հայաստանը համարվում է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար երկրորդ ամենանախընտրելի ուղղությունը։ Դեպի Հայաստան փոխանցումների ընդհանուր ծավալի ավելի քան 60%–ը Ռուսաստանից են. դա ավելի քան 4 մլրդ դոլար է։
«Մասնակի այդ փոխանցումները կարելի է ներդրումներ համարել, սակայն գումարի մեծ մասը բանկային հատված է գնացել։ Հենց այդ գումարների հաշվին են տրվում վարկերը, որոնք իրենց հերթին բավական դրական են ազդում գործարար ակտիվության վրա», – կարծում է Մանասերյանը։
Վերջում նա կանխատեսել է, որ ներկայիս միտումների պահպանման պարագայում ՀՀ տնտեսության աճը 2023 թվականին 5%-7% կկազմի։
Հիշեցնենք, որ ներկայում ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։