COVID-19-ի հարցով ԱՀԿ կոմիտեն կորոշի` համավարակը դեռ միջազգային արտակարգ իրավիճակ է, թե ոչ

ԱՀԿ շենքը
2023 թվականի հունվարի 22-ի դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 664 միլիոն հաստատված դեպք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVID-19-ի հետ կապված արտակարգ իրավիճակի կոմիտեն հունվարի 27-ին կհավաքվի` որոշելու, թե արդյոք համավարակը շարունակում է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ լինել։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«COVID-19-ի հետ կապված արտակարգ իրավիճակների կոմիտեի 14-րդ նիստը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 27-ին: Նիստից հետո արտակարգ իրավիճակների կոմիտեն ԱՀԿ-ի գլխավոր տնօրենին կտեղեկացնի այն մասին, թե արդյոք COVID-19 համավարակը դեռ հանդիսանում է հանրային առողջապահության ոլորտի միջազգային նշանակություն ունեցող արտակարգ իրավիճակ (PHEIC)»,-ասված է փաստաթղթում:
2023 թվականի հունվարի 22-ի դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 664 միլիոն հաստատված դեպք և ավելի քան 6,7 միլիոն մահ:
Հանրային առողջության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակը (PHEIC) ԱՀԿ-ի պաշտոնական հռչակագիրն է արտակարգ իրադարձության մասին, որը սահմանվում է որպես հանրային առողջության ոլորտում վտանգ այլ պետությունների համար` հիվանդության միջազգային տարածման արդյունքում և կարող է համակարգված միջազգային արձագանք պահանջել։