ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Ավտոմեքենայի տեխզննության համար անհրաժեշտ բոլոր տեղեկություններն այսուհետ հասանելի կլինեն օնլայն տարբերակով, և սեփականատերը ստիպված չի լինի տարբեր տեղեկանքներ ներկայացնել։
ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանված նոր կարգը ուժի մեջ կմտնի 1 ամիս հետո։
Իր որոշումը գործադիրը հիմնավորում է այն հանգամանքով, որ տեխզննման կայաններն այժմ առցանց հասանելիություն ունեն ավտոտրանսպորտային միջոցների գույքահարկի համակարգին, և կարող են առցանց ճշտել գույքահարկի վճարված լինելու փաստը։ Հետևաբար, սեփականատիրոջից գույքահարկի վճարման պարտավորության բացակայության մասին, այսպես կոչված` «զրոյական» տեղեկանք պահանջելու անհրաժեշտություն այլևս չկա։
Բացի այդ 2021թ-ից ՀՀ–ում ներդրվել է սեղմված բնական կամ հեղուկ գազի բալոնային սարքավորումներ տեղադրելու և պարբերական վկայագրման միասնական համակարգը, որի մասին տեղեկատվությունը ևս հասանելի է տեխզննման կետերին։
Կառավարության նոր որոշումը, հեղինակների համոզմամբ, թույլ կտա տեխնիկական զննություն իրականացնողին էլեկտրոնային շտեմարանների միջոցով ստուգել ոչ միայն գույքահարկի պարտավորությունների կատարման ու գազաբալոնների վկայագրման հանգամանքները, այլև ԴԱՀԿ հետախուզման մեջ գտնվելու դեպքերը։
Այս պայմաններից որևէ մեկի բացակայությունը առ–անց համակարգում կարող է հիմք դառնալ ավտոմեքենայի տեխնիկական զննությունը մերժելու համար։