ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Ամերիկյան International Business Machines (IBM) ընկերությունը 1,5%–ով կկրճատի աշխատակիցների քանակը, ինչը մոտավորապես 3.9 հազար մարդ է։ Այս մասին Bloomberg գործակալությանը հայտնել է ընկերության ֆինանսական տնօրեն Ջեյմս Քավանոն։ Հարցազրույցից հատվածներ է ներկայացրել ՌԻԱ Նովոստին։
«Կրճատումները կանդրադառնան այն աշխատակիցների վրա, որոնք մնացել են Kyndryl և Watson Health ընկերությունների (խմբ.`IBM-ից) առանձնացումից հետո, և ընկերությանը կարժենան մոտ 300 մլն դոլար», – ասել է Քավանոն` հավելելով, որ աշխատակիցների ընդհանուր քանակը 260 հազար է։
Այս գիշեր IBM–ը հրապարակել է նաև իր ֆինանսական արդյունքները։ Տարվա արդյունքներով ընկերության զուտ շահույթը նվազել է 3.5 անգամ` մինչև 1,6 մլրդ դոլար, եկամուտը` հակառակը` աճել է 5,5%–ով և կազմել 60.5 մլրդ դոլար։
International Business Machines–ն ամերիկյան ընկերություն է, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ և սարքավորումների արտադրությամբ։ Ընկերությունը գործունեություն է ծավալում ավելի քան 175 երկրներում։