ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Գլխավոր դատախազի` «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու գաղտնի ռեժիմով բերված միջնորդությունը պարզվում է` բոլորովին էլ գաղտնի չէ։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում։
Հայտնել էինք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու 3 միջնորդություն է ներկայացրել ԱԺ, որոնցից մեկը գաղտնի ռեժիմով է բերվել։ Երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրել էր, որ ենթադրվում է, որ այդ գործով ԱԺ նիստն էլ է փակ լինելու։
«Պարզվում է՝ «գաղտնի» գործը բոլորովին էլ գաղտնի չէ, այդ գործի շրջանակներում տևական ժամանակ է՝ կալանքի տակ է պաշտպանության նախկին մեկ այլ նախարար՝ Դավիթ Տոնոյանը: Գործը քննվում է դատարանում, և եթե պրոցեսը չձգձգեին, այն վաղուց քանդված կլիներ, և Տոնոյանն էլ ազատության մեջ կլիներ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: