Ադրբեջանը նպատակ ունի նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե հայկական կողմը շարունակում է հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման օրակարգի ջանքերում և սադրանքներով հնարավոր չպիտի լինել շեղել այդ օրակարգից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի նաև խափանել խաղաղության գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԼՂ հայերին իրենց տներից արտաքսելն Ադրբեջանի միակ նպատակը չէ` սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի խափանել խաղաղության օրակարգն ու բանակցային գործընթացը»,–ասաց նա։
Փաշինյանը հավելեց, որ Լաչինի միջանցքի փակման և ԼՂ–ում ստեղծված հումանիտար ճգնաժամի թեման շատ էմոցիանալ ենք տանում։ Սակայն, ըստ նրա, այս իրավիճակում պետք է զսպվածություն ցուցաբերել և բացառել խաղաղության օրակարգին հակասող գործողություններն ու բառապաշարը, առավել ևս` պետական իշխանության ներկայացուցիչների կողմից։
Վարչապետը վստահեցրեց, թե շարունակում են հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման օրակարգի ջանքերում և սադրանքներով հնարավոր չպիտի լինել շեղել այդ օրակարգից։ Նրա խոսքով` համատեղ ջանքերը` իշխանության, ընդդիմության, սփյուռքի կողմից պետք է շարունակել, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվի ԼՂ իրավիճակի վրա։
Նա շնորհակալություն հայտնեց այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք ստեղծված իրավիճակին արձագանքում են օբյեկտիվորեն և անաչառորեն։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։