ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Թուրքիան կարող է 5-6 ամսից լքել ՆԱՏՕ-ն՝ Անկարայի դեմ դաշինքի սադրիչ գործողությունների պատճառով։ Նման կարծիք է հայտնել թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իրադարձությունները մեզ ստիպում են նման գործողությունների դիմել։ ՆԱՏՕ-ն իր սադրանքներով ստիպում է մեզ այդպես վարվել։ Նրանք փորձում են մեզ հակադրել մեր հարևան Հունաստանին։ Թուրքիան 5-6 ամսից կհեռանա ՆԱՏՕ-ից։ Նրանք փորձում են ներքաշել մեզ Մերձավոր Արևելքի հորձանուտի մեջ։ Վերջապես, դուք Ղուրանի դեմ ակցիաներ եք տեսնում Շվեդիայում և Նիդեռլանդներում», - նրա խոսքը մեջբերում է թուրքական «Այդընլըքը»։
Սանջակի խոսքով, վերջին հարցումները ցույց են տվել, որ Թուրքիայի բնակչության առնվազն 80 տոկոսը վստահ է, որ «ԱՄՆ-ն այն երկիրն է, որն առավել թշնամական ու կործանարար քաղաքականություն է վարում» հանրապետության նկատմամբ:
«Վերջին ժամանակներս թուրք ժողովուրդը սկսել է համակրել Ռուսաստանին ու Պուտինին», - արձանագրել է քաղաքական գործիչը:
Սանջակը վստահ է, որ Թուրքիայի և Սիրիայի ղեկավարները բանակցությունների սեղանի մոտ կնստեն՝ ստիպելու համար, որ ԱՄՆ-ն լքի սիրիական տարածքը։
«Մենք Ասադի և հարևան երկրների առաջնորդների հետ կնստենք և խաղաղության համաձայնագիր կստորագրենք։ Մենք պետք է անհապաղ վտարենք ահաբեկչական կազմակերպություններին և ԱՄՆ-ին Սիրիայի տարածքից։ Սիրիացիներն ու թուրքերը եղբայրական ժողովուրդներ են։ Սիրիացիները արաբ ժողովուրդներից ամենամոտն են մեզ։ Մենք պետք է ապահովենք փախստականների անվտանգ վերադարձը իրենց երկրներ։ Չեմ կարծում, որ Ասադը դեմ կլինի նրանց վերադարձին։ Մենք կարող ենք միասին վերականգնել Սիրիան», - հավելել է նա։
Հունվարի 19-ին «Հայրենիք» կուսակցությունը հայտարարել է «Դուրս գանք ՆԱՏՕ-ից» համազգային արշավի մեկնարկի մասին՝ կոչ անելով հանրապետության իշխանությանը դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմից: Քաղաքական շարժումն այդ արշավի շրջանակում մի շարք քաղաքների հրապարակներում նախատեսում է սեղաններ տեղադրել համապատասխան հանրագրերի ստորագրման համար, հանրահավաքներ ու բողոքի ցույցեր կանցկացվեն Թուրքիայում ՆԱՏՕ-ի բազաների դեմ: Կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ «ուժեղ ՆԱՏՕ-ն նշանակում է ուժեղ սպառնալիք Թուրքիայի համար»: