Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարին կոչ է արել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա

Ռուբինյանը Վուչիչին ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Ստրաասբուրգում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, նրան կոչ արել մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու համար։ Տեղեկությունը հայտնել է Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Ներկայացրեցի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Համաձայնեցինք, որ ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք»,–գրել է Ռուբինյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։