ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր ընդունել է ՌԴ–ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
«Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական կարգավորման խնդիրները»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՌԴ ԱԳՆ–ի` հանգամանալից զրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ օրակարգի արդիական հարցեր։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։