ՌԴ խաղաղապահները մարդասիրական բեռով 2 ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ

Խաղաղապահ. արխիվային լուսանկար
ՌԴ խաղաղապահները պարենային փաթեթներ են տրամադրել Մարտունու և Ասկերանի բնակավայրերի բնակիչներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՌԴ խաղաղապահները Գորիսից և Երևանի «Էրեբունի» օդանավակայանից մարդասիրական բեռով 2 ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Տեղեկագրում նշվում է նաև, որ խաղաղապահները պարենային փաթեթներ են տրամադրել Մարտունու և Ասկերանի բնակավայրերի բնակիչներին։
ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։