ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ուկրաինային տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթի ընդհանուր արժեքը 400 մլն դոլար կկազմի։ Տեղեկությունը հայտնում է Պենտագոնը։
Ներկայացված ցանկի համաձայն` Ուկրաինային կտրամադրվեն 120 մմ տրամաչափի արկերով և «այլ ռազմամթերքով» 31 «Abrams» տանկեր, 7 մարտավարական տրանսպորտային միջոց վերանորոգման և տարհանման համար, օժանդակ տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև ուսուցման և սպասարկման ֆինանսավորում կիրականացվի։
Նշվում է, որ Կիևին ԱՄՆ–ի կողմից տրամադրված ռազմական օգնության ընդհանուր արժեքը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք կազմել է 27.8 մլրդ դոլար, իսկ 2014 թվականից ի վեր` 29.9 մլրդ դոլար։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։