ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Իր որոշման մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։
«Որքան Շիրակի մարզպետի պաշտոնը պատասխանատու էր, նույնքան էլ` պատվաբեր։ Վստահեցնում եմ, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում մարզի խնդիրների և հոգսերի լուծման համար մեկտեղել եմ իմ ջանքերն ու գիտելիքները։ Սակայն պետք է արձանագրեմ, որ որևէ անհատ կամ պաշտոնյա չի կարող հաջողել իր գործում, եթե չունենա գիտակ թիմ և փորձառու համախոհներ։ Շնորհակալություն եմ հայտնում Շիրակի մարզպետի աշխատակազմին»,–գրել է նա։
Բաղդասարյանի խոսքով` կատարված աշխատանքի լավագույն ցուցիչը ժողովրդի գնահատականն ու վերաբերմունքն է, որն օր օրի ավելանալով` էլ ավելի է պարտավորեցրել իրեն` որպես մարզպետի։
«Իմ աշխատանքում որդեգրած անաչառությունը, արդարամտությունը, պետական մտածողությունը լիահույս եմ, որ հետայսու էլ կլինեն նշաձող Շիրակի մարզպետարանի համար»,–հավելել է նա։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` մարզպետի հետ ազատման դիմում են ներկայացրել նաև փոխմարզպետ Կարեն Մանուկյանը, ինչպես նաև հայեցողական պաշտոն զբաղեցնողները, իսկ նոր մարզպետի անունը հավանաբար կհրապարակվի հենց վաղվա կառավարության նիստում։ Ի դեպ, այս պահին այդ պաշտոնի համար շրջանառվում է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տնօրեն Մուշեղ Մուրադյանի անունը։
Հիշեցնենք, որ Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետ էր նշանակվել 2021-ի նոյեմբերի 8-ին։