ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և զորքեր ու ինքնաթիռներ չի ուղարկում. Ստոլտենբերգ

Յենս Ստոլտենբերգ
Ստոլտենբերգը կարևորում է դաշինքի արևելյան մասում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ուժեղացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չի և չի լինի, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա հայտնել է գերմանական Welt թերթին տված հարցազրույցում, որ ՆԱՏՕ-ն առաջին իսկ օրվանից «որոշել է աջակցել Ուկրաինային»։
«Միևնույն ժամանակ մենք բացառել ենք ՆԱՏՕ-ի մասնակցությունը պատերազմին։ ՆԱՏՕ-ն պատերազմի կողմ չէ, և դա այդպես էլ կմնա։ Մենք Ուկրաինա չենք ուղարկում ո՛չ մեր զորքերը, ո՛չ էլ ինքնաթիռները, բայց մենք աջակցում ենք նրանց հանդերձանքով», - ասել է Ստոլտենբերգը։
Նա ավելացրել է, որ Ուկրաինան ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ինքնապաշտպանության իրավունք ունի, ու ՆԱՏՕ-ն աջակցում է նրան այդ իրավունքի պաշտպանության գործում: Ըստ նրա, միշտ էսկալացիայի վտանգ կա, ուստի կարևոր է ուժեղացնել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը դաշինքի արևելյան մասում։