ՀՀ–ն մտահոգված է. Ադրբեջանի բարձրացրած հարցերը կապ չունեն Բեռնի կոնվենցիայի նպատակի հետ

ՀՀ դրոշ
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է շրջակա միջավայրի պաշտպանությանն ու պահպանմանը և կշարունակի կատարել իր պարտավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը հունվարի 18-ին ծանուցվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ–ի դեմ «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայի (Բեռնի Կոնվենցիա) շրջանակներում արբիտրաժային վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
«Հայաստանի Հանրապետությունը ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանը որոշել է իրավական գործընթաց սկսել այնպիսի փաստաթղթի հիման վրա, որի հիմնական նպատակն է «խթանել ․․․․ համագործակցությունը» պետությունների միջև միտված «պահպանելու վայրի ֆլորան և ֆաունան և դրանց բնական ապրելավայրերը»։ Հայաստանը բազմաթիվ առիթներով հաստատել է իր՝ տարածաշրջանի վայրի բնաշխարհի պահպանման և շրջակա միջավայրի պաշտպանության հանձնառությունը՝ ներառյալ Բեռնի Կոնվենցիայի մոնիտորինգային և այլ մարմինների հետ աշխատելու միջոցով»,– ասված է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ֆեյսբուքյան էջում։
Շեշտվում է, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է շրջակա միջավայրի պաշտպանությանն ու պահպանմանը և կշարունակի կատարել միջազգային բնապահպանական փաստաթղթերով, ներառյալ՝ Բեռնի կոնվենցիայի ներքո ստանձնած իր պարտավորությունները:
«Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային վարկանիշը ինքնին վկայում է այդ մասին։ Հայաստանը մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից իրավական վեճի եղանակով բարձրացված հարցերը որևէ առնչություն չունեն Բեռնի Կոնվենցիայի նպատակի հետ և կարող են վնասակար անդրադառնալ տարածաշրջանի շրջակա միջավայրի վրա, որը նաև էական վնաս է կրել վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի վարած ագրեսիվ պատերազմների հետևանքով»,– եզրափակել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ «կենսաբազմազանության ոչնչացման» հարցով միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնել։ Բաքուն պնդում է, թե Հայաստանն իբր զանգվածաբար հատել է անտառները և պատասխանատու է Կովկասյան լեռներում աղտոտման համար, ինչի հետևանքով վայրի կենդանիների շուրջ 500 տեսակ հայտնվել են ռիսկի տակ։
Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարին կոչ է արել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա