ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը 15 ավտոմեքենա է ձեռք բերել, որի պայմանագիրը կնքել է հունվարի 20-ին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ խոսքը վերջին արտադրության «Հունդայի Էլանտրա» մակնիշի մեքենաների մասին է, որոնց գնման գումարը, առանց ԱԱՀ-ի, կազմել է 165 մլն դրամ, իսկ լրացուցիչ ԱԱՀ-ն կազմել է 33 մլն դրամ:
«15 մեքենան պետական բյուջեի վրա արժեցել է 198 մլն դրամ կամ մոտ 489 հազար ԱՄՆ դոլար: ՊՆ կարիքների համար նախատեսված մեկ ավտոմեքենայի համար ծախսվել է 13 մլն 200 հազար դրամ կամ 32 հազար 592 դոլար (ներառյալ ԱԱՀ-ն)»,– գրել է թերթը։
Նշենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայության գաղտնի որոշմամբ` 5 նոր ամենագնաց էր ձեռք բերել` ավելի քան 500 հազար դոլար արժողությամբ: Դրանք հանձնվել էին պետական պահպանության ծառայությանը ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկելու համար։ Գնվել էր չորս «Toyota Land Cruiser 300», յուրաքանչյուրի արժեքը մոտ 100 հազար դոլար։ Հինգերորդը` Lexus lx500 ամենագնացն էր, որի գինը կազմում էր 130-150 հազար դոլար, այն պետք է սպասարկեր վարչապետի տիկնոջը` Աննա Հակոբյանին։