ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. 2023 թվականի մարտ ամսին կայանալիք ՏՏ ոլորտի խոշորագույն «ԴիջիԹեք» ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունենալու Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգի ներկայացումը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
«Կարևորում ենք այն, թե այս ոլորտում ինչպես է Հայաստանը ներկայանում աշխարհին։ 2022 թվականին լայնածավալ աշխատանք ենք սկսել բրենդինգի առումով։ Արդեն իսկ պատրաստվել է փաստաթուղթը, որն անցել է բոլոր փուլերով և առաջիկայում` մարտին կայանալիք ԴիջիԹեքին տեղի կունենա Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգի ներկայացումը։ Դրանից հետո կսկսենք հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներ, կներկայացնենք ոլորտը համաշխարհային հարթակներում։ Կիրականացնենք նաև թրեյնինգներ և workshop–եր, որպեսզի ոլորտի և քաղաքականություն մշակող մարդիկ ընդհանուր մոտեցում ունենան ՀՀ–ի տեխնոլոգիական ոլորտի վերաբերյալ»,– նշեց Չոբանյանը։
Նա նաև ընդգծեց, որ իրենց նպատակն է ՀՀ–ում ոլորտի հեղինակությունը բարձրացնելը և՛ երկրի ներսում, և՛ դրա սահմաններից դուրս։ Ըստ Չոբանյանի` իրենց առջև դրված խնդիրներից է նաև ոլորտի համախմբումն ու ազգային արժեքների տարածումը, և միության ստեղծած ու իրականացրած յուրաքանչյուր ծրագրում կա ազգային բաղադրիչ։
ԱՏՁՄ գործադիր տնօրենը լրագրողներին ներկայացրեց նաև իրենց ռազմավարական 5 ուղղությունը` Հայաստանի դիրքավորումը որպես առաջատար բարձր տեխնոլոգիական երկիր, գիտության և հետազոտության զարգացումը, էլեկտրոնային կառավարումը, ռազմարդյունաբերությունը և կրթության ու աշխատուժի զարգացումը։
Նշենք, որ ԱՏՁՄ–ին անդամակցում է տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտը ներկայացնող 130 ընկերություն։