«Ֆլայ Արնան» 3 նոր չվերթ կունենա. ԱՆԻՖ-ը հաշվետվություն է ներկայացրել Փաշինյանին

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել ԱՆԻՖ–ի գործունեության հաշվետվությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերությունը առաջիկայում 3 նոր չվերթ կունենա։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործունեության հաշվետվության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ «Ֆլայ Արնան» Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր ներդրումային ծրագրերից է։ Այն գործում է անցած տարվա հունիսից` իրականացնելով չվերթներ 4 ուղղություններով։
Նիստի ժամանակ վարչապետին է ներկայացվել ԱՆԻՖ եռամյա գործունեության արդյունքները, ըստ որի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրվել է ընդհանուր առմամբ 214 մլն դոլար։ 2021-2022թթ.–ին ստեղծվել և պահպանվել է շուրջ 800 աշխատատեղ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործունեության հաշվետվությունը
Վարչապետին զեկուցվել է, որ ընթացքի մեջ են ԱՆԻՖ-ի և արաբական «Մասդար» ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Առաջիկայում կավարտվի կայանի կառուցման համար Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացը, որից հետո նախատեսվում է հայտարարել կայանի կառուցման շինաշխատանքների իրականացման մրցույթ:
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության` «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի մասնակցությամբ իրականացվում է 7 ներդրումային ծրագիր, այդ թվում` գյուղատնտեսության, լոգիստիկայի, սպասարկման ոլորտներում:
Վարչապետը կարևորել է ԱՆԻՖ-ի կողմից ռազմավարական նշանակության ծրագրերի, ներդրումային միջավայրի զարգացման միջոցառումների արդյունավետ իրականացումը և հանձնարարել հետևողական լինել այդ հարցում: