ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ պայմանագրի տեքստի համաձայնեցման հնարավորություն կա, հարցը մշակվում է։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք քննարկել ենք այդ թեման, և այսօր էլ շարունակել ենք քննարկել այն։ Հնարավորություն ունենք հանգելու նրան, որ համաձայնեցվի պայմանագրի տեքստը։ Այսօր փորձագետները շարունակել են աշխատել», – ասել է նա լրագրողներին։
Միևնույն ժամանակ Օվերչուկը չի նշել այդ աշխատանքների ավարտի հնարավոր ժամկետները։
Փոխվարչապետը հայտնել է, որ Մոսկվան ԵԱՏՄ–ում իր նախագահության տարում շահագրգիռ է զարգացնելու միության ինտեգրացիոն գործընթացները, տրանսպորտային և լոգիստիկ միջանցքները։ Կողմերը, ըստ նրա, քննարկում են նաև ֆինանսական ենթակառուցվածքների, միացյալ էներգետիկ շուկաների ստեղծման և զարգացման հարցեր։
«Այստեղ մեծ աշխատանք է սպասվում։ Այս տարվա համար մեծ ծրագիր ենք կազմել», – հավելել է Օվերչուկը` մատնանշելով նաև կլիմայի հետ կապված խնդիրները, որոնք աշխատանքի ուղղություններից մեկն են։
Ներկայում ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։