ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ մարզերի համայնքների եկամուտների հավաքագրումը 2021 թվականի համեմատ փաստացի աճել է։ 2022 թվականին փաստացի հավաքագրման աճը կազմել է 8 մլրդ 036 մլն դրամ, առանց Երևան քաղաքի՝ 3 մլրդ 567 մլն, որը նախորդ տարվա համեմատ 13 տոկոսով ավել է։ Տվյալները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հայտնել ենՀՀ մարզպետների խորհրդակցության ժամանակ, հայտնում է Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում։
Խորհրդատվության ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման հետ կապված հարցեր։
Գնել Սանոսյանը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել սուբվենցիոն ծրագրերի պատշաճ կատարման ուղղությամբ։
«Չընդունել և չվճարել որևէ աշխատանք, որն իրականացվել է թերություններով»,– ասել է նա։
Խորհրդատվության ընթացքում նախարարին է զեկուցվել «Տարածքային կառավարման մասին» օրենքում կատարված փոփոխությունների, ինչպես նաև ՀՀ մարզպետների աշխատակազմերի կանոնադրությունների, կառուցվածքի և դրանցից բխող աշխատանքների վերաբերյալ հարցերը։
«Զեկուցվել է նաև 2022 թվականին իրականացված ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի վերլուծությունն ու 2023 թվականի սուբվենցիոն հայտերի ընդունման գործընթացը։ 2023 թվականի համար արդեն իսկ ստացվել է 447 հայտ 112 մլրդ նախնական ընդհանուր բյուջեով։ Ներկայացվել է նաև սուբվենցիաների մշտադիտարկման արդյունքները, արձանագրված թերությունները»,– գրել է Սանոսյանը։
ՀՀ մարզպետների հետ խորհրդակցութուններն այսուհետ կրելու են պարբերական բնույթ։