Առաքելությունը քաղաքացիական է, իսկ նպատա՞կը. փորձագետները` ՀՀ–ում ԵՄ դիտորդների մասին

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ավտոմեքենաները
Բրյուսելը վերջնականապես որոշեց իր ձեռքը վերցնել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ բանակցային ձևաչափը։ Իսկ նոր առաքելության ժամանումը այդ գործընթացի բաղադրիչներից մեկն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշումը պետք է մանրազնին վերլուծության ենթարկվի ինչպես արդյունավետության, այնպես էլ հնարավոր ռիսկերի առումով։ Պաշտոնապես 100 հոգուց բաղկացած և երկու տարի ժամկետով առաքելություն ուղարկելու մասին հայտարարվեց հունվարի 23-ին, իսկ դրա մասին խոսվում էր դեռ դեկտեմբերի կեսերից։
ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համար
Բրյուսելի մտահղացմամբ` դիտորդները պետք է խթանեն կայունությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, վստահության մթնոլորտ ձևավորեն տեղերում և ապահովեն այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին: Կկարողանա՞ն արդյոք եվրոպացիները լուծել այդ խնդիրը։ Sputnik Արմենիան այս հարցը քննարկել է փորձագետների հետ։
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Մելքոնյանը զուգահեռներ է անցկացնում ներկայիս առաքելության և նախորդ կարճաժամկետ առաքելության միջև, որն աշխատեց երկու ամիս՝ անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր։
«Այն ընթացքում, երբ առաքելությունը Հայաստանում էր, ես հաշվել եմ, որ Հայաստանի ՊՆ-ն 17 հայտարարություն է արել Ադրբեջանի կողմից գնդակոծությունների մասին։ Լայնածավալ սրացում, բարեբախտաբար, չի եղել, բայց ամեն դեպքում գրանցվել են հրադադարի ռեժիմի խախտումներ։ Նույնը կարելի է պրոյեկտել երկու տարի ժամկետի վրա»,- ասաց Մելքոնյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախորդ առաքելությունը հրապարակային հայտարարություններ չի արել ո՛չ աշխատանքի ընթացքում, ո՛չ էլ ավարտին, նույնը կլինի նոր խմբի դեպքում։ Այսինքն՝ եթե կրակոցներ լինեն, հայ հասարակությունը Բաքվի հասցեին հրապարակային դատապարտում կամ քննադատություն չի լսի։
Դիտորդական խումբը տեղեկություններ կհավաքի, կվերլուծի և կուղարկի Բրյուսել։ Պետք է հաշվի առնել նաև, որ առաքելությունը կրում է քաղաքացիական բնույթ և զենք չի ունենա, հետևաբար որևէ ագրեսիայի դեպքում դիտորդներն իրենք անպաշտպան են։
«Դժվար է ասել, թե ինչպես է առաքելությունը զսպելու ադրբեջանական լայնածավալ ագրեսիան: Ամենայն հավանականությամբ, ոչ մի կերպ, քանի որ ուժի գործոնը պետք է զսպել ուժային գործոնով: Այստեղ մենք գործ ունենք ոչ ուժային ներկայության հետ: Լավագույն դեպքում կարելի է ակնկալել, որ դիտորդները տեղեկատվական ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա, որոշակի քաղաքական ուղերձներ կանեն, ոչ ավելին»,- նշեց քաղաքագետը։
Մելքոնյանն իրավիճակը վերլուծում է նաև ռուսական գործոնի, Հայաստանում նրա ռազմական ներկայության տեսանկյունից։ Նրա կարծիքով` դրանք իրարամերժ առաքելություններ չեն, քանի որ ռուսական ներկայությունը ուժային է, իսկ ԵՄ առաքելությունը` քաղաքացիական, հետևաբար պետք չէ վախենալ, որ նրանք ինչ-որ պահի կսկսեն «բրթբրթել» միմյանց։ Սակայն եվրոպական առաքելությունը, ինչ խոսք, նյարդայնացնում է Մոսկվային։ Սա իր բացատրությունն ունի։ Հաշվի առնելով Ռուսաստանի և ԵՄ-ի, ընդհանուր Արևմուտքի միջև լարվածությունը` ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ պետության տարածքում արևմտյան առաքելության ցանկացած ներկայություն իրավամբ կընկալվի որպես սպառնալիք։
«Առաքելության տեղակայման վերաբերյալ ԵՄ հաղորդագրությունը ցույց է տալիս, որ այն կոչված է նպաստելու հայ-ադրբեջանական երկխոսությանը։ Ելնելով դրանից՝ մենք հասկանում ենք, որ առաքելությունն ուղարկվում է ոչ միայն Հայաստանին աջակցելու, այլև բրյուսելյան ձևաչափն ակտիվացնելու համար։ Այս ֆոնին կարելի է հիշել անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ ԱԳՆ ղեկավարի կողմից ռուսական բանակցային ձևաչափի փաստացի տորպեդահարումը, ինչից հետո Արարատ Միրզոյանը հրաժարվեց Մոսկվա գնալ, մինչդեռ հիմա չի հրաժարվել Բրյուսել գնալուց։ Եվ այս ֆոնին հայտարարվում է ԵՄ նոր և երկարաժամկետ առաքելության մասին։ Բնականաբար, այս բոլոր գործոնները չեն կարող չնյարդայնացնել Մոսկվային»,- ասաց մեր զրուցակիցը։
Մելքոնյանը նաև ուշադրություն հրավիրեց Բաքվի դիրքորոշման վրա՝ նշելով, որ ադրբեջանական կողմը, հակառակ ընդհանուր քննադատական ​​տրամադրություններին, լավ տեղեկացված է եղել առաքելության մասին։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հաշվի առնելով ԵՄ-ի շահագրգռվածությունը՝ շարունակելու իր ներկայությունը Հայաստանում երկամսյա քաղաքացիական առաքելության ավարտից հետո, Բաքուն բարի կամք է դրսևորել ԵՄ-ի հետ խորհրդակցությունների ժամանակ, ինչպես նաև հստակ ու թափանցիկ կերպով մյուս կողմին է փոխանցել իր դիրքորոշումը, ակնկալիքները և մտահոգությունները։
Մելքոնյանի դիտարկմամբ` այսպես թե այնպես ընդհանուր որոշումների կայացման գործընթացի մեջ է նաև Ադրբեջանը։
«Ինչպես ինձ ասացին ԵՄ որոշ գործընկերներ, Բաքվից առանձնապես առարկություններ չեն եղել: Եվ ընդհանրապես պետք չէ ասել, որ Հայաստանը միայն Արևմուտքում է փնտրում բանակցային ձևաչափ, իսկ Ադրբեջանն ավելի հետևողական է: Ի վերջո, Հայաստանի վարչապետը կամ արտգործնախարարը մենակ չեն, նրանք գնում են Վաշինգտոն ու Բրյուսել բանակցությունների, այնտեղ են ժամանում նաև ադրբեջանցի գործընկերները»,- ասաց քաղաքագետը։
Պետք է հասկանալ նաև, որ կան ռիսկեր՝ կապված ռազմական գաղտնիության, դեպի առաջնագիծ եվրոպացիների մուտքի հետ, որտեղ տեղակայված են հայկական զորքերն ու ռազմական տեխնիկան։
«Մենք հիշում ենք դեպքեր, երբ Ուկրաինա մեկնած տարբեր միջազգային դիտորդներ զբաղված էին բացահայտ լրտեսությամբ, տվյալների հավաքագրմամբ և այլն: Ոչ ոք ապահովագրված չէ այն փաստից, որ այստեղ իրավիճակը չի կրկնվել: Պարզ չէ, թե ինչպես են պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը կազմակերպելու աշխատանքները։ Կարծում եմ՝ իրենք էլ դեռ չգիտեն, թե ինչպես դա անեն»,- ընդգծեց Մելքոնյանը։
Նման ռիսկեր է տեսնում նաև ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Նա ուշադրություն հրավիրեց կարևոր հանգամանքի վրա. այն երկրների ներկայացուցիչները, որոնք Հայաստանի հետ կապված չեն ռազմաքաղաքական պայմանագրերով, կարող են տեղեկանալ հայկական դիրքերի տեղակայման, բանակի վիճակի մասին։ Ավելին` ԵՄ շատ երկրներ նաև ՆԱՏՕ-ի անդամ են, որի անդամ է Թուրքիան, իսկ ՆԱՏՕ-ի ներսում կա ընդհանուր հետախուզական բնույթի տեղեկությունների փոխանակման համակարգ։ Վրթանեսյանի խոսքով՝ երաշխիքներ չկան, որ տեղեկատվության արտահոսք չի լինի։
Նա կարծում է, որ չնայած ընդհանուր ձևակերպմանը` առաքելության գործառույթների և պարտականությունների մասին հստակ տեղեկություն չկա։
«ԵՄ հայտարարության մեջ դիտորդների խնդիրներն ու նպատակները բավականին աղոտ են ձևակերպված, դժվարանում եմ ասել, թե իրական միջադեպերի դեպքում որն է լինելու նրանց դերը»,- ասաց Վրթանեսյանը։
Փորձագետը հիշեցրեց, որ նախկինում եղել են իրավիճակներ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի մոնիտորինգի խմբի անդամները հայ-ադրբեջանական սահմանին կամ Լեռնային Ղարաբաղում հերթական դիտարկման ժամանակ հայտնվել են հակառակորդի կրակի տակ։ Նման դեպքերում նրանք պարզապես լքել են տարածքը։ Հնարավոր է, որ հիմա էլ այդպես լինի, եթե հանկարծ Ադրբեջանը սկսի կրակել։