Այս գաղափարը, ինչպես գիտեք, բոլորովին նոր չէ, հռոմեացի կայսրերից սկսած՝ տասնյակ առաջնորդներ երազում էին ձեռք բերել կենսատու հեղուկ, որը կապահովեր իրենց հավերժ երիտասարդությունը։
Չինաստանի կայսր Ցինը նույնիսկ երկու արշավախումբ էր ուղարկել այդ մոգական հեղուկն օվկիանոսի առեղծվածային կղզիներում հայտնաբերելու նպատակով, բայց երբ նավերից մեկի անձնակազմը վերադարձավ՝ բերելով այսպես կոչված «անմահության շիճուկը», կայսրը խմեց այն ու… մահացավ։ Ասում են` մեջը սնդիկ կար։
Իսկ ղազախստանցի գիտնականներն ի վերջո պատրաստեցին ինչ-որ բան, որը բավական համեղ էր, բայց մասնագետները զարմացած հարցնում էին. «Արժե՞ր արդյոք այդքան ջանք թափել ու այդքան գումար ծախսել սովորական քաղցր յոգուրտ պատրաստելու համար։ Գնայիք, մոտական սուպերմարկետից գնեիք»։ Ոմանք էլ փաստում են. «Երբ մարդը փառքի գագաթնակետին է, իհարկե ուզում է բացականչել.
«Կա′նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:
Ինձ շղթայի՛ր, նետի՛ր գետին ,
Ես մահապարտ գերին եմ քո...»։
Բայց ախր այժմ, երբ Նազարբաևն այլևս երկրի նախագահը չէ, զրկվել է «Ազգի հայր» պատվավոր տիտղոսից, նույնիսկ մայրաքաղաքը նրա անունով չի կոչվում, հավերժական կյանքը նրա ինչի՞ն է պետք»։
Ինչևէ, երկարակեցության թեման այսօր կրկին աշխուժորեն սկսեցին քննարկել, երբ մի քանի օր առաջ կյանքից հեռացավ աշխարհի ամենատարեց մարդը՝ ֆրանսիացի միանձնուհի քույր Անդրեն։ Նա 118 տարեկան էր, համաշխարհային երկու պատերազմ էր տեսել, իսկ նրա կյանքի ընթացքում Ֆրանսիայում երկու տասնյակ ղեկավարներ էին փոխվել։
Լրագրողների ավանդական հարցին՝ ո՞րն է ձեր երկարակեցության գաղտնիքը, նա միշտ շատ կարճ էր պատասխանում. «Աստված գիտի»։
Գիտնականներին, իհարկե, այս պատասխանը չի բավարարում, և նրանք շարունակում են վիճաբանել, թե որն է, այսպես ասենք, կյանքի սահմանը։ Միանգամից ասեմ, որ եթե ցանկանաք խորանալ, բնական խոչընդոտի կհանդիպեք։
Տեսե՛ք։ Ամերիկացի գիտնականները մի քանի տարի առաջ «Nature» հանդեսում հրապարակել են իրենց բազմամյա հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց` մարդկային կյանքի տևողության սահմանը 115-ն է։ Մինչև 125 տարեկանն ապրելու շանսերն այնքան չնչին են, որ այսօր Երկրի վրա պիտի բնակվեր մոտ 10 հազար անգամ ավելի շատ մարդ, որպեսզի նրանցից առնվազն մեկը հասներ այդ բաղձալի 125-ին։ Եվ իրոք, մինչև հիմա ամենից երկար ապրած մարդը ֆրանսուհի Ժաննա Կալմանն է, որը 1997 թվականին մահացավ 122 տարեկան հասակում։
Երբ ծնվեց այդ կինը, որն անձամբ հանդիպել էր Վան Գոգին, դեռ Էյֆելյան աշտարակն էլ տեղադրված չէր Փարիզի կենտրոնում։ Սակայն վիճարկելով ամերիկացի գիտնականների պնդումն այն մասին, որ ընդհանուր առմամբ մարդու կյանքի տևողության սահմանը 115-ն է` բազմաթիվ մասնագետներ ասում են.
«Ախր ամերիկացի գիտնականները ելնում են այսօրվա իրողություններից, բայց չէ՞ որ այժմվա երկարակյացները ծնվել են այն ժամանակ, երբ զանգվածային բնույթ էին կրում աղքատությունը, թերսնումը և այնպիսի հիվանդություններ, որոնց մասին մենք այսօր ընդհանրապես մոռացել ենք»։
Մյուս կողմից, վերջին տասնամյակների ընթացքում երեխաները, մանավանդ Միացյալ Նահանգներում, սկսել են տառապել գիրությամբ, ինչն անպայման կազդի նրանց կյանքի տևողության վրա։ Մի խոսքով` մենք տեսնում ենք այսօրվա պատկերը, բայց գաղափար անգամ չունենք, թե ինչ է լինելու ապագայում։
Ավելին ասեմ` կան մասնագետներ, որոնք ամերիկացիների այդ 115 տարվա սահմանագիծը պարզապես ծիծաղելի են համարում։
Օրինակ` Ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Ջեյմս Վոպելը հիշեցնում է. «Ժամանակին գիտնականները համոզված էին, որ մարդու կյանքի տևողության սահմանը 65 է, հետո՝ 85, այնուհետև՝ 105։ Եվ ամեն անգամ պարզվել է, որ դրանք դատարկ, իրականությանը չհամապատասխանող թվեր են։ Նույնն էլ ամերիկացիների նշած այդ 115-ին է սպասում»։
Եվ այնուամենայնիվ անպատասխան է մնում այն հարցը, որը չեխ հայտնի գրող Կարել Չապեկը շոշափում է իր «Մակրոպուլոսի դեղամիջոցը» պիեսում՝ իսկ արդյոք մարդն ավելի երջանիկ կլինի, եթե ապրի մի քանի հարյուրամյակ։ Իր ստեղծագործության նախաբանում Չապեկը գրել է.
«Այնպես ստացվեց, որ անմահության թեմային միաժամանակ անդրադարձանք թե՛ ես, թե՛ Բեռնարդ Շոուն։ Ես բացասական եմ վերաբերվում մի քանի հարյուրամյակ ապրելու հեռանկարին, Բեռնարդ Շոուն՝ դրական։ Թե մեզնից ով է ճիշտ, շատ դժվար է ասել՝ ո՛չ ես, ո՛չ էլ Բեռնարդ Շոուն մի քանի հարյուրամյակ ապրելու փորձ չունենք»։