ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Վերջերս ադրբեջանական իշխանությունների կողմից նկատվում են նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի փոփոխության միտումներ։
Այս մասին ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն ասել է ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Լինդերտ Վերբիկի ու գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները պետք է պահվեն ԵԽԽՎ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ուշադրության կենտրոնում»,– ասել է նա։
Արմեն Գեւորգյանը Կոնգրեսի նախագահին և գլխավոր քարտուղարին տեղեկություններ է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անթույլատրելի իրավիճակի և Ադրբեջանի կողմից շրջափակմամբ ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
«Ըստ էության, Ադրբեջանի կողմից շրջափակումը ժողովրդավարության դեմ ադրբեջանական իշխանությունների պայքարի միակ դրսևորումը չէ»,– ասել է նա:
Հանդիպման ընթացքում կարևորվել է առաջիկայում կայանալիք ԵԽ չորրորդ գագաթնաժողովում տեղական և տարածաշրջանային հարցերի ու խնդիրների քննարկումը: Զրուցակիցները փաստել են, որ ԵԽ անդամ մի շարք երկրներում արձանագրվում են տեղական ժողովրդավարության հետ կապված անթույլատրելի խնդիրներ, որոնք հակասում են տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ կոնգրեսի կողմից ԵԽ անդամ պետություններում արձանագրված տեղական ժողովրդավարության վերաբերյալ փաստերը և հանգամանքները պետք է ուշադրության լուրջ առարկա դառնան ԵԽ բոլոր մարմինների կողմից: