ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանում ստարտափ ընկերությունների քանակը 2022 թվականին աննախադեպ է եղել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Նա ընդգծեց, որ դա պայմանավորված է եղել ռելոկացիոն գործընթացներով (2022 թվականի մարտ ամսից Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողություններ սկսելու հետևանքով Հայաստան են ժամանել են ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ռուսներ, ուկրաինացիներ– խմբ.)։
«Մենք այսօր խնդիր ունենք ստարտափերի աջակցության օրենքի (Տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցության օրենք– խմբ.) երկարացման հետ կապված։ Այն երկարացվել է մինչև 2023 թվականի ավարտը։ Այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկում ենք ունեցել և աշխատում ենք, որպեսզի լուծում գտնենք այդ օրենքը շարունակական դարձելու համար, քանի որ այն մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանում ոլորտի զարգացման վրա»,– նշեց Չոբանյանը։
Նրա խոսքով` ստարտափերի աջակցության օրենքը խթանիչ է եղել ռելոկանտ ընկերությունների համար։ ԱՏՁՄ գործադիր տնօրենը վստահ է` ՏՏ ոլորտում մրցակցությունը մեծ է ամբողջ աշխարհում, և այդ պարագայում բոլոր երկրները պետք է մտածեն իրենց անելիքների մասին։ Չոբանյանն ընդգծեց`ոլորտին մեծ ուշադրություն պետք է դարձնեն հատկապես այն երկրները, որոնց համար այն ռազմավարական նշանակություն ունի, ինչպես Հայաստանի պարագայում։