Վաշտի կացարանի հրդեհի դեպքով նոր քրեական վարույթ է նախաձեռնվել

Նոր քրեական վարույթի շրջանակում հարցանքնվել են շուրջ երկու տասնյակ մարդ։ Այս պահին մեղադրյալներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանի ողբերգական հրդեհի դեպքի առթիվ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Վարույթը նախաձեռնվել է պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված նախատեսված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ»,- նշեց Աբրահամյանը։
Նոր վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Այն նախատեսում է ազատազրկում հինգից տասը տարի ժամկետով:
Աբրահամյանը տեղեկացրեց, որ այն կցվել է նախորդ վարույթին և իրականցվում է համատեղ քննություն։ Նոր վարույթի շրջանակում հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ մարդ։ Այս պահին մեղադրյալներ դեռ չկան։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։