Շինհրապարակներում անվերջանալի խախտումները վերացնելու համար Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է 5-20 անգամ մեծացնել կառուցապատող ընկերությունների նկատմամբ կիրառվող տուգանքները։ Իրավական ակտերի նախագծերի հարթակում հրապարակված նախագծով առավել լուրջ խախտումների համար առաջարկվում է սահմանել մինչև 20 մլն դրամի տուգանք, իսկ խախտում թույլ տված ընկերություններին` զրկել լիցենզիայից։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում պատասխանատվության խստացման օրենսդրական առաջարկը ողջունում են և արդեն իսկ դրական եզրակացություն են տվել կառավարությունում շրջանառվող նախագծերի փաթեթին։
Տեսչական մարմնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության պետ Արտաշես Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պատժամիջոցների խստացումը կնպաստի շինհրապարակներում կարգուկանոնի հաստատմանը, սահմանված նորմերի պահպանմանը։
«Ինձ թվում է` դա «կսանձի» շինարարներին, որ ճիշտ կազմակերպեն ամեն բան»,– ասաց Սարգսյանը` միաժամանակ նշելով, որ առաջարկվող տուգանքների չափերը թեև բավական բարձր են, բայց արդարացված։
Ի դեպ, նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ տուգանքների չափերը սահմանել են շինհրապարակների պատշաճ կազմակերպման և կահավորման համար նախատեսվող ծախսերի մոտավոր արժեքներին համապատասխան։ Այսպես` միջինում 1 մլրդ դրամանոց շինարարության հրապարակի կազմակերպման ու կահավորման համար կառուցապատողը ծախսում է 10-15 մլն դրամ։ Իսկ եթե փորձել է խնայողություններ անել ու անհրաժեշտ նորմերը չի պահպանել, ապա կտուգանվի 1-5 մլն դրամի չափով` գործող օրենքով նախատեսված 50-400 հազար դրամի փոխարեն։
Տեսչական մարմնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության պետը կարծում է, որ տուգանքի այսպիսի չափերը կստիպեն կառուցապատողներին նախապես մտածել շինհրապարակները կահավորելու մասին` հետագայում ավելի մեծ գումարով չտուգանվելու համար։
Սարգսյանը նշում է, որ տեսչական մարմնի հայտնաբերած խախտումներում առավել հաճախ հանդիպում են շինարարական հրապարակների ոչ պատշաճ ցանկապատման, ինչպես նաև ավտոմեքենաների անվադողերի լվացման կետերի բացակայության դեպքերը։
Այս խախտումների համար գործող օրենքով նախատեսված է 150 000 դրամի տուգանք։ Նոր օրենքով առաջարկվում է սահմանել 500 000։ Խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում գործող տուգանքը 100 000 դրամ է, առաջարկվողը` 1 մլն։ Իսկ եթե խախտումը կատարվել է պաշտոնատար անձի կողմից, ապա նա կտուգանվի 2 մլն դրամով` գործող 300 000–ի փոխարեն։
Շինհրապարակում տեխնիկական վթարների և մարդկային զոհերի դեպքում վարչական պատասխանատվությունն առաջարկվում է հասցնել 20 մլն դրամի, իսկ նախագծային ու փորձագիտական կազմակերպությունները նման դեպքերում կզրկվեն լիցենզիայից։
Ի դեպ, գործող օրենքով մարդկային զոհերի մասին հիշատակում ընդհանրապես չկա, նախատեսված են միայն տեխնիկական վթարների դեպքերը։ Մինչդեռ միայն 2022թ–ին երևանյան շինհրապարակներում աշխատող շինարարների մահվան մի քանի դժբախտ դեպք գրանցվեց, հիմնականում` բարձրությունից ընկնելու հետևանքով։
Արտաշես Սարգսյանից հետաքրքրվեցինք` ստուգայցերի ժամանակ շինարարների կյանքի սպառնացող անվտանգության նորմերի խախտումներ հայտնաբերվո՞ւմ են։
«Ստուգումների ժամանակ մենք հայտնաբերում ենք այդպիսի խնդիրներ և տեղում փորձում ենք շտկել դրանք։ Արձանագրություն էլ ենք կազմում, համապատասխան օրերի քանակով ցուցում ենք տալիս, հետո մեր ցուցման վերաբերյալ հսկողություն ենք անում»,– ասաց նա։
Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ դժբախտ դեպքերը շատ հաճախ նաև չիմացության հետևանք են։ Նրա խոսքով` շինարարների շրջանում բավական լուրջ է տեղեկացվածության խնդիրը։
Գործող կարգով վտանգավոր օբյեկտում աշխատանքի անցնելուց առաջ աշխատակիցը նախ իրազեկվում է հնարավոր վտանգի մասին, որից հետո ստորագրում է շինվարման մատյանում, որով հաստատում է, որ իրազեկված է անվտանգության նորմերի պահպանման վերաբերյալ։
«Մատյանում ստորագրելով` ինքը պատասխանատվություն է վերցնում, որ պետք է պահպանի այդ անվտանգության կանոնները»,– ասաց Սարգսյանը` միևնույն ժամանակ չբացառելով, որ շատերն ուղղակի ստորագրում են` շատ հաճախ առանց հստակ իմանալու, թե ինչի համար։
Շինարարական կազմակերպությունն էլ այդ ստորագրությամբ իրեն ապահովագրում է հնարավոր դժբախտ դեպքերի համար պատասխանատվություն կրելուց։
«Շատ դեպքերում չեն իմանում, թե ինչի համար են ստորագրում։ Մենք, եթե ստուգման ենք լինում կամ ուսումնասիրության, փորձում ենք բացատրել, իրազեկել անվտանգության կանոնները»,– ասաց Սարգսյանը։
Անվտանգության կանոնները, որոնցով առ այսօր աշխատում են մեր շինարարները, մշակվել են դեռ ԽՍՀՄ–ում ու առ այսօր հայերեն թարգմանված չեն։ Ավելին` դրանք շինարարներին ուղղակի հասանելի չեն։ Շինարարը գրեթե զրկված է իր աշխատանքին վերաբերող անվտանգության նորմերին ինքնուրույն ծանոթանալու հնարավորությունից։
«Պետք է ինտերնետում փնտրեն, գտնեն, կարդան։ Ռուսերեն ճիշտ կհասկանան, թե չէ, հայտնի չէ։ Դրա համար մենք առաջարկել ենք թարգմանել շինհրապարակի հետ կապված ռուսալեզու СНиП-երը (խմբ. строительные нормы и правила)։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն այս հարցով արդեն դիմել է Քաղաքաշինության կոմիտեին` առաջարկելով առաջնահերթ թարգմանել ու կառուցապատողներին տրամադրել վերամբարձ կռունկների անվտանգ շահագործմանն ու շինհրապարակի շրջակա միջավայրի պատշաճ կազմակերպմանը վերաբերող կանոնները` դրանք ուսումնասիրելու ու իրենց աշխատակիցներին ևս իրազեկելու համար։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 2022թ–ին ընդունվել ու օգոստոսի 31-ից արդեն իսկ ուժի մեջ են մտել «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» ՀՀ շինարարական նորմերը, որոնցով կանոնակարգվում են շինհրապարակներում անվտանգության ապահովման բոլոր անհրաժեշտ կանոնները։
Հիշեցնենք` 2020թ–ի օգոստոսի 13–ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ–ում բիզնես կուլտուրա գոյություն չունի։ «Շինհրապարակ Հայաստանում առաջին հերթին նշանակում է աղբանոց` սրանից բխող մենթալիտետային հետևանքներով»,– ասել էր նա։
Փաշինյանը կառավարության առաջ խնդիր էր դրել ձեռնամուխ լինել բիզնեսի ստանդարտների «ամենադաժան ձևով» բարձրացմանը։