ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik։ ՌԴ խաղաղապահները Գորիսից մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ, ասվում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության տեղեկագրում:
«Իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական բեռով բեռնված մեկ ավտոշարասյան ուղեկցում Գորիս-Ստեփանակերտ երթուղով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում։
Մարտակերտի, Մարտունու շրջանների և Լաչինի միջանցքի երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։