ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ռուսաստանի անվտանգության խորհուրդը պատրաստ է օգնել, որպեսզի լուծվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առջև ծառացած խնդիրները։ Այս մասին խոսվել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի` Մոսկվայում կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ։
«Նիկոլայ Պատրուշևը Իմանգալի Տասմագամբետովին շնորհավորել է պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել գործունեության մեջ՝ ի նպաստ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀԱՊԿ քարտուղարության առջև ծառացած խնդիրների իրականացմանը», - ասված է ՌԴ ԱԽ–ի հաղորդագրության մեջ:
Կողմերը մի շարք միջազգային խնդիրներ են քննարկել, մտքեր փոխանակել ՀԱՊԿ սահմանների երկայնքով տիրող իրավիճակի շուրջ։ Շեշտը դրվել է ՀԱՊԿ հեղինակության բարձրացման և այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության վրա։
Զրուցակիցները նաև անդրադարձել են 2022 թվականին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ընդունած որոշումների կատարմանը։
Հիշեցնենք` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Տասմագամբետովի թեկնածությունն առաջադրել էր Ղազախստանի ղեկավարության կողմից և հաստատվեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` 2022 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ։
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։