Քրիստինե Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են. ԱԺ–ն ընդունել է նրա դիմումները

Քրիստինե Գրիգորյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը երկու օր անընդմեջ հրաժարականի դիմում է ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ազգային ժողովն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հրաժարականի դիմումները: ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել, որը հրապարակվել է խորհրդարանի կայքում:
«Հիմք ընդունելով ՄԻՊ հրաժարականի մասին դիմումները, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 193-րդ հոդվածի 5-րդ մասով և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝ վաղաժամկետ դադարած համարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի լիազորությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի առաջին դիմումն էր ներկայացրել Ազգային ժողով, իսկ այսօր` երկրորդը։ Պաշտպանի լիազորությունները դադարում են հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան 1 շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացնելու դեպքում։
ՀՀ ՄԻՊ–ը այլևս Հայաստանում չէ. իշխանությունը նոր թեկնածու ունի. ԶԼՄ