Քրիստինե Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում պատշաճ ակտիվություն չի ցուցաբերել։ Նկատվում էր, որ նա ոչ թե անկախ պաշտոնատար անձ է, այլ իշխանական թիմի անդամ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Հունվարի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով, իսկ այսօր կրկնել է այն. պաշտպանի լիազորությունները դադարում են հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան 1 շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացնելու դեպքում։
«Ցավ եմ ապրում այդ ինստիտուտի համար, որովհետևժամանակին Արման Թաթոյանը տվյալ կառույցը բերեց համաշխարհային այնպիսի աստիճանի, որ հարուցում էր շատերի նախանձը։ Ցանկացած դեպքում, երբ ՄԻՊ–ը չի ավարտում իր գործունեությունը հատկացված ժամկետում, դա կորուստ է և հարված նրա ղեկավարած հաստատությանը»,– ասաց Ալավերդյանը։
Ըստ նրա` Քրիստինե Գրիգորյանը երիտասարդ իրավաբան է, նրա գործունեությունն առջևում է, բայց նա հրաժարականի դիմում է ներկայացրել` պատճառաբանելով, որ անցնում է այլ աշխատանքի, մինչդեռ գործադիր իշխանությունում ցանկացած պաշտոն ՄԻՊ–ից հետո իջեցում է։
«ՄԻՊ–ի ինստիտուտն առաջինը չէ, որի դերն ու նշանակությունը իշխանություններն իջեցնում են։ Առկա իրավիճակում կարելի է միայն ցանկանալ, որ հասարակության մեջ մերժողական վերաբերմունք չձևավորվի, որովհետև Արման Թաթոյանի գործունեությունից հետո հասարակության մեջ ձևավորվել էր տեսակետ ոչ միայն նրա անձի ու կամային որակների, այլև ինստիտուտի մասին։ Այդ հաստատությունում աշխատում էին փայլուն մասնագետներ»,– ասաց մեր զրուցակիցը։
Ալավերդյանի պնդմամբ` իշխանությունները պետք է հասկանան, թե ինչ մեծ նշանակություն ունի ՄԻՊ–ը երկրի` որպես իրավական պետության կայացման ճանապարհին, սակայն գործող իշխանությունն իրեն դրսևորում է ինչպես կալվածատիրական համակարգի մաս, որը մի քանի մղոն հեռու է ժողովրդավարությունից։
«Պետք է գիտակցել, որ ՄԻՊ–ը լոկ պաշտոն չէ, այլ առաջին հերթին առաքելություն։ Ժամանակին, երբ ստեղծվեցին ծանր իրավիճակներ, եղան քաղաքական հետապնդումներ, ինձ հարցրին, թե չեմ պատրաստվում արդյոք հրաժարական տալ, բայց ես պատասխանեցի` ոչ, որովհետև ՄԻՊ–ի հրաժարականը դասալքություն է, և ինձ համար ուրիշ գնահատական չկա»,– ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենը։
Ալավերդյանի կարծիքով` Արման Թաթոյանից հետո ցանկացած մարդու համար ՄԻՊ–ի պաշտոնը լինելու է մարտահրավեր։
Նա ապագա ՄԻՊ–ին խորհուրդ է տալիս ընկալել պաշտոնը որպես ընծա, հասկանալ, որ այդ առաքելությունը կարող է պատիվ բերել ոչ միայն իրեն, այլև երկրին, և որքան էլ դժվար լինի աշխատանքը, այնքան ավելի պատվաբեր կլինի գործունեության շարունակությունը նման պայմաններում։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն Քրիստինե Գրիգորյանին մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրել էր 2022-ի հունվարի 24-ին։
Քրիստինե Գրիգորյանը նոր պաշտոնը ստանձնեց նույն տարվա փետրվարի 23-ից հետո, երբ լրացավ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը։