ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն անհապաղ և համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, պետք է վերականգնի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում մշտադիտարկման առաքելության տեղակայման վերաբերյալ ԵՄ խորհրդի` նախօրեին կայացված որոշումը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։