Երկրորդը՝ Արմեն Հարությունյանը, պաշտոնավարեց 5 տարի, էլի հակասություններ ունենալով իշխանությունների հետ։ Երրորդը՝ Կարեն Անդրեասյանը, պաշտոնավարեց 4 տարի, լուրջ հակասություններ ունենալով իշխանությունների հետ։ Չորրորդը՝ Արման Թաթոյանը, միակն էր, որը պաշտոնավարեց 6 տարի. այնքան, որքան ամրագրված է Սահմանադրությամբ, էլի մշտական հակասություններ ունենալով իշխանությունների հետ։ Եվ վերջապես հինգերորդ օմբուդսմանը՝ Քրիստինե Գրիգորյանը, հրաժարական տվեց մեկ տարի պաշտոնավարելուց հետո, հիմնականում հակասություններ չունենալով իշխանությունների հետ։ Այսինքն, իշխանությունները հասան իրենց նպատակին՝ օմբուդսմանի ինստիտուտն այլևս հոգս չի պատճառում։
Համաձայնեք, շատ հետաքրքիր է, որ հենց այս իշխանությանը հաջողվեց, այսպես ասենք, սանձել օմբուդսմանին։ Որովհետև երևի հիշում եք, նախկին օմբուդսմաններից մեկը այն ժամանակվա նախագահից ստացավ «ամենաանհաջող կադր» որակումը։ Մյուս օմբուդսմանը, ամփոփելով իր պաշտոնավարման տարիները, խոստովանեց. «Մինչև 2009 թվականը միանշանակ միայն ճնշումների տակ ենք գործել»: Արման Թաթոյանին Անվտանգության խորհրդի քարտուղարը մի անգամ մեղադրեց քաղաքական հայտարարություններ անելու մեջ, էլ չեմ ասում պաշտպանության նախարարության դժգոհության մասին։ Եվ միայն այս շաբաթ հրաժարական տված օմբուդսմանի նկատմամբ իշխանությունները գոնե առերևույթ գանգատ չունեին։ Եվ դա բոլորովին զարմանալի չէր։
Եկեք հիշենք, թե ուղիղ մեկ տարի առաջ՝ հունվարին, ինչպես էր ընթանում Քրիստինե Գրիգորյանի թեկնածության քննարկումը հայոց խորհրդարանում։ Գաղտնիք չէ, որ մարդու իրավունքների նախորդ պաշտպանը հայտնի էր նրանով, որ պարբերաբար սուր քննադատության էր ենթարկում պետական մարմիններին և պաշտոնյաներին։ Այնինչ, նոր թեկնածուն էսպիսի միտք արտահայտեց, մեջբերեմ. «Սահմանադրությամբ ու օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը լրացնում է պետական մարմինների համակարգը և որևէ կերպ որևէ դերակատարի կողմից չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած և պետության դեմ պայքարի դուրս ելած մարմին»։
Պատկերացնում եմ, թե ինչ անասելի հաճույքով էին լսում թեկնածուի ասածները իշխանական թևի անդամները։ Չէ՞ որ դա նրանց ամենասիրած հնարքներից մեկն է՝ իրենց հասցաեգրված ցանկացած քննադատություն անմիջապես ներկայացնել որպես «պետության դեմ պայքար»։ Մինչդեռ, դժվար թե կարողանաք գտնել գեթ մեկ հայաստանցի, որը Մարդու իրավունքների պաշտպանին ընկալի որպես «պետությունից օտարացած և պետության դեմ պայքարի դուրս ելած մարմին»։ Համենայնդեպս ես այդպիսի մարդ երբեք չեմ հանդիպել։
Այնինչ, օմբուդսմանի թիվ մեկ պարտականությունն է՝ պետության ներկայացուցիչների անօրինականություններից պաշտպանել ինձ՝ շարքային քաղաքացուս։ Հենց այդպես է գրված մեր Սահմանադրությունում. «Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց… կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը»։ Թույլ տվեք այս առիթով խոստովանել՝ այո′, ինձ էլ ամենևին դուր չի գալիս, երբ մարդիկ պատեհ ու անպատեհ կրկնում են նույն, կներե′ք, հիմարությունը. «Պետությունը պետություն չի», բայց նաև քաջ գիտակցում եմ, որ մարդկանց նման եզրահանգման են հասցրել շատ կոնկրետ չինովնիկներ, պաշտոնյաներ և ղեկավարներ, որոնք իրենց գործողություններով պարզապես վարկաբեկել են պետության գաղափարը։
Իհարկե, քաղաքացիներին կարող է չբավարարել նույնիսկ ամենաազնիվ ու սկզբունքային օմբուդսմանի աշխատանքը։ Եվ սա միայն Հայաստանին չի վերաբերում։ Մեծ Բրիտանիայում մի քանի տարի առաջ անցկացված սոցիոլոգիական հարցումը ցույց տվեց, որ Մարդու իրավունքների պաշպանի գործունեությունից դժգոհ է օմբուդսմանին դիմած բնակիչների մեծ մասը՝ 60 տոկոսը։ Դա միանգամայն հասկանալի է՝ մարդկանց սպասելիքները մեծ են, մինչդեռ բոլոր երկրներում էլ օմբուդսմանի լիազորությունները բավական սահմանափակ են։ Ուղղակի Հայաստանում օմբուդսմանների և իշխանությունների հարաբերությունների պատմությունն է շատ հետաքրքիր և ուսանելի։
Այդ պատմության վերջն այն է, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը այլևս ոչ մի անհանգստություն չի պատճառում իշխանություններին։
Դրանից առաջ նույնը կատարվեց երկրի նախագահի ինստիտուտի հետ, Սահմանադրական դատարանի նախագահի ինստիտուտի հետ, Երևանի քաղաքապետի ինստիտուտի հետ։ Ու երևի արդեն նշանակություն էլ չունի, թե ով կլինի հաջորդ օմբուդսմանը։ Սովորական պաշտոն է, էլի։