Մովսես գյուղում անվադողեր վնասելու և խոտ այրելու դեպքերով քրգործեր են հարուցվել

Գյուղ
ՀՀ քննչական կոմիտեն գյուղի բնակիչներից հաղորդումներ չի ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Տավուշի մարզի Մովսես գյուղում անվադողեր վնասելու և խոտ այրելու դեպքերով քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Օրերս լուրեր էին տարածվել, որ անհայտ անձը Մովսես գյուղում ծակել է բազմաթիվ ավտոմեքենաների անվադողեր, վառել անասնակեր խոտը և փախուստի դիմել։ Բնակիչներից մեկը պատմել է, որ իր կենդանիների համար նախատեսված անասնակերն առավոտյան է վառված հայտնաբերել, հետո էլ տեսել է, որ հարևանի մեքենայի անվադողը դանակով ճղված է։ Մեկ այլ բնակիչ էլ նույն գիշերը տանը ձայն է լսել, դուրս է եկել, որ տեսնի` ինչ է կատարվում, նկատել է, որ 2 հոգի փախչում են այդ տարածքից։
Ըստ Աբրահամյանի` դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է 2 առանձին քրեական վարույթ։
«Դրանցից մեկը, որը կապված է բնակիչների ավտոդողերը վնասելու և խոտի այրման դեպքերի հետ, նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Մյուսն էլ` կապված բնակիչներից մեկի ավտոմեքենայից առերևույթ ձայնարկիչ գողանալու դեպքի հետ, նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Սկսվել է նախաքննություն, իրականացվում են քննչական ու վարութային գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ»,– ֆեյսբուքյան էջում գրել է Աբրահամյանը։
Նա ընդգծել է, որ ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություն՝ նաև առերևույթ հանցանք կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու նպատակով։
ՀՀ քննչական կոմիտեն գյուղի բնակիչներից հաղորդումներ չի ստացել։ Եթե հաղորդումներ լինեն, սահմանված կարգով իրավական ընթացակարգ կապահովվի։