ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում մնացած 11 քաղաքացի ընտանիքի միավորման նպատակով այսօր տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«10 քաղաքացի էլ Կարմիր խաչի միջնոդրությամբ Լաչինի միջանցքով տեղափոխվել է Հայաստանից»,-ասաց Ամատունին։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին 4 քաղաքացի էր Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան ընտանիքի միավորման նպատակով, մեկ քաղաքացի էլ Հայաստանից էր տեղափոխվել ԼՂ։
Հունվարի 17-ին ռուս խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Հայաստանից Ստեփանակերտ էր վերադարձել 19 երեխա։ Վերջիններս ՀՀ էին ժամանել Մանկական եվրատեսիլին ներկա գտնվելու համար և դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով հնարավորություն չէին ունեցել վերադառնալ տուն։
Նույն օրը ռուս խաղաղապահներն իրականացրել էին ՌԴ 63 քաղաքացու տեղափոխումը ԼՂ–ից ՀՀ։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։