Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տարբերակ կա․ Միրզոյանը՝ ԵԽ-ում

Նախարարն ընդգծել է՝ քանի որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է, անհրաժեշտ է միջազգային հանրության անհապաղ միջամտությունը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։ Ադրբեջանին պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն։ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում իր ելույթում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետին։
«Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական: Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, բայց դա հնարավոր է միայն միջազգային հանրության կողմից վճռական միջամտության, Ադրբեջանի վրա ուժեղ ճնշման և այդ ուղղությամբ շոշափելի գործողությունների պարագայում։ Գործելու ժամանակը հիմա է: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար»,-ասել է Միրզոյանը:
Նախարարն իր ելույթում նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի կողմից լայնածավալ և համակարգված կերպով իրականացվող քաղաքականության մաս՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը:
«Կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքել իրենց տներն ու հայրենի հողը։ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որով առաջարկում էր վտարել այն հայերին, որոնք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, ևս մեկ անգամ ապացուցում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրությունը»,-ասել է նախարարը։
Սովի վտանգը շոշափելի է. Իտալիայում ՀՀ դեսպանը Պատգամավորների պալատում խոսել է Արցախի մասին
Նախարարն ընդգծել է՝ քանի որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է, անհրաժեշտ է միջազգային հանրության անհապաղ միջամտությունը: Եվ ինչպես նշվել է Եվրախորհրդարանի արտահերթ բանաձևում, տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը։ Օրվա հրամայական է նաև Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների անխոչընդոտ մարդասիրական մուտքի ապահովումը:
«Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով»,-ասել է նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։