ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Մարդիկ կարող են միաժամանակ հիվանդանալ ինչպես կորոնավիրուսով, այնպես էլ գրիպով։ Միևնույն ժամանակ միանգամայն ընդունելի է միաժամանակ երկու պատվաստումը (ըստ երեխաներին նույն օրը բազմակի պատվաստանյութեր ներարկելու պրակտիկայի) տարբեր նպատակներով: Սրանում համոզված է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն։
Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Թբիլիսի տեսակամրջի ընթացքում Օնիշչենկոն պարզաբանել է, որ առաջին հերթին հիվանդությունների այդ համակցությամբ կարող են վարակվել չպատվաստվածները։
«Սուր շնչառական հիվանդությունների յուրաքանչյուր վերելքի ժամանակ ամեն տարի շրջանառվում են տարբեր վիրուսների շուրջ 200 տեսակներ, որոնք բաժանվում են A և B տիպի խմբերի, բացի այդ, կան պարագրիպներ, ռինովիրուսներ (110 տեսակի գրիպ է պտտվում), ադենովիրուսներ (մոտավորապես 40 սերոտիպ)»,-ասել Է Օնիշչենկոն:
Նրա խոսքով՝ եթե մարդը պատվաստված է COVID-ի և կոնկրետ տարում շրջանառվող մանրէահիմքի դեմ, բայց միևնույնն է՝ հիվանդացել է, նշանակում է, որ նա վարակված է ռինովիրուսի որևէ տեսակով։ Օնիշչենկոն հնարավոր է համարում միաժամանակ երկու կամ երեք մանրէահիմքով վարակվելը, բայց նշում է, որ դրա դեմ էլ մեկ օրում կարելի է երկու տարբեր ներարկում ստանալ:
Ակադեմիկոսը հիշեցնում է, որ իմունային համակարգի վրա ամենամեծ ծանրաբեռնվածությունը լինում է կյանքի առաջին տարում։ Ծնվելուց հետո երրորդ օրը երեխան պատվաստվում է տուբերկուլյոզի դեմ, իսկ եթե մայրը հիվանդ է եղել հեպատիտ B-ով, ապա նա նույնպես պատվաստվում է: Երրորդ ամսում պատվաստվում է դիֆթերիայի, փայտացման և կապույտ հազի դեմ համակցված պատվաստանյութով, և այդպես շարունակ, մինչև մեկ տարեկան դառնալը:
«Կորոնավիրուսի դեմ բուստերն ու գրիպի դեմ պատվաստանյութը կարելի է ներարկել նույն օրը, դա թույլատրված է պատվաստանյութերի նկատմամբ միջագային պահանջներով։ Առավել ևս, եթե մարդն առողջ է»,-ասել է Օնիշչենկոն։
Բինար համավարակ
Այս տարի գրիպի երկու գերակայող մանրէահիմքերից (Ա և Բ) մեկը H1N1-ն է, կամ ինչպես ժողովուրդն է անվանում՝ խոզի գրիպը։ Օնիշչենկոն պարզաբանել է, որ այսօր մարդկությունը բինար համավարակ է վերապրում․ ավելացել է շարունակվող կորոնավիրուսը, որն արդեն երրորդ «տարեդարձն» է նշում։ Նրա խոսքով՝ այս երեք տարվա ընթացքում ութ համաճարակային պիկ է եղել։
«Ներկայում ութերորդն է դիտարկվում, և այն հեշտությամբ է վարակում մարդկանց։ Սակայն 21-րդ դարում սա կորոնավիրուսի արդեն երրորդ շրջանն է»,-ասել է նա։
«Կրակենը» և պատվաստումը
«Օմիկրոնի» նոր տեսակը՝ XBB.1.5 «կրակենը» առաջին անգամ հայտնաբերվել է ԱՄՆ-ում 2022 թվականի հոկտեմբերին։ Հունվարի կեսերին «կրակենը» հայտնաբերվեց նաև Ռուսաստանում։
Օնիշչենկոն պարզաբանում է, որ այս ենթատեսակը հպավարակիչ է (կոնտագիոզ), մուտացիաների շնորհիվ այն ավելի արագ է տարածվում, քան բոլոր նախորդ մանրէահիմքերը։ Սակայն միանգամայն հնարավոր է, որ երիտասարդներն այն ավելի թեթև կամ առհասարակ առանց ախտանշանների կտանեն։
Ակադեմիկոսը նշել է, որ դրա կլինիկական պատկերը նույնն է, ինչ կորոնավիրուսի վերջին տարբերակներինը։ Այն ավելի ծանր չէ, քան ավելի վաղ տարբերակները, չունի մահացության աճ:
Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա «կրակենը» կորոնավիրուսի մնացած տարբերակներից ավելի լավ է հաղթահարում իմունիտետը պատվաստումից հետո։ Միևնույն ժամանակ, եթե կլինիկական փորձարկումների փուլում «Սպուտնիկ V» դեղամիջոցի արդյունավետությունը 90% էր գնահատվում, ապա յուրաքանչյուր նոր գերակայող տեսակի դեպքում այն այնքան էլ հուսալիորեն չի պաշտպանում: Ու թեև մինչև օրս որոշում չի կայացվել՝ պատվաստվել կորոնավիրուսի այլ ենթատեսակի դեմ, թե ոչ, մասնագետը խորհուրդ է տալիս պատվաստվել։
Նրա խոսքով՝ հիվանդության կանխարգելումը յուրաքանչյուր դեպքի համար նույնն է` դիմակներ, պատվաստում, հանգստի և աշխատանքի նորմալ ռեժիմ, հրաժարվել մարդկանց կուտակումների վայրերում գտնվելուց, ինչպես նաև վիտամինների և ինտերֆերոնների ընդունում։